Աղձքի արքայական դամբարանը
Հայաստանի Արագածոտնի մարզի հարավում գտնվող Աղձք գյուղում է ազգային պատմության կարևորագույն հուշարձաններից մեկը՝ 4-րդ դարի հայ թագավորների դամբարանը։ Այն կիրճի եզրին գտնվող հուշարձանների համալիր է, կիրճի հատակով հոսում է Ամբերդ գետը։ Դամբարանին կից է 4-րդ դարում կառուցված Աղձից վանք բազիլիկ եկեղեցին, որից պահպանվել են կողային պատերի, խորանի և սյուների մնացորդներ։
Դամբարանը լուսավորվում է միայն դռան բացվածքից ներս թափանցող լույսով։ Մուտքի քարե սյուներին պահպանվել են որսի տեսարաններով բարձրաքանդակներ։ Ըստ ավանդության՝ մուտքից ձախ թաղված են Արշակունիների հեթանոս թագավորները, իսկ աջ կողմում՝ խաչով բարձրաքանդակի մոտ, արդեն քրիստոնեություն ընդունած թագավորները։ Սարկոֆագները զարդարված են 4-րդ դարի բարձրաքանդակներով։ Աջ՝ քրիստոնեական սարկոֆագի վրա պատկերված է վարազին նիզակով խոցող ռազմիկ։ Այս տեսարանը խորհրդանշում է Հայաստանի և Պարսկաստանի պատերազմը, քանի որ վարազը պատկերված էր պարսից արքայի կնիքի վրա։
Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ պարսիկները բացում էին Արտաշեսյան և Արշակունի թագավորների գերեզմանները և աճյունները տանում որպես գերի՝ կարծելով, որ դրանց հետ Պարսկաստանին կանցնեն Հայոց թագավորության «փառքը, բախտը և քաջությունը»։ Սակայն Վարդան Մամիկոնյանի նախնի, զորավար Վասակ Մամիկոնյանը, հաղթելով պարսիկներին, սրբազան աճյունները վերադարձրեց Հայաստան և կրկին ամփոփեց Աղձքում։
Լուսանկարում դամբարանի ներսն է՝ թաղակապ առաստաղով և քարե պատերով։ Կողային պատերում կամարակապ խորշեր են, խորքում՝ մետաղյա սեղան՝ վրան դրված առարկաներով։








