«Գիշեն» ռազմանավը, որը փրկեց Մուսա լեռան հայերին
Լուսանկարում ֆրանսիական «Գիշեն» ռազմանավն է, որը փրկեց Մուսա լեռան (Մուսա Դաղ) հայերին։ Բացիկի ֆրանսերեն մակագրությունը նավը ներկայացնում է որպես «Գիշեն» հածանավ, իսկ վերին անկյուններում 2 տղամարդու դիմանկար կա։
1915 թվականի հուլիսին, Հայոց ցեղասպանության ժամանակ, հայերի մեծամասնությունը չենթարկվեց օսմանյան իշխանությունների տեղահանության հրամանին։ Մոտեցող օսմանյան զորքերի առջև նրանք բոլորը՝ ֆիդայիներ Յաղուբյանի և Մովսես Տեր-Գալուստյանի գլխավորությամբ, բարձրացան Մուսա լեռան գագաթը։ Ամրացնելով լանջերը՝ հայերը 53 օր հերոսաբար հետ էին մղում թուրքական գրոհները։
Վերջապես 3-րդ ֆրանսիական էսկադրայի կազմում գտնվող «Գիշեն» ռազմանավը նկատեց ծովին նայող զառիթափ լանջին կախված դրոշը, իսկ շուտով այն նկատեցին ևս 3 ֆրանսիական և անգլիական նավեր։ Էսկադրայի հրամանատար ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հրամանով փրկվեցին 4048 վերապրած հայեր, որոնց զինամթերքն ու պարենը գրեթե սպառվել էին։








