Հայ հարսնացու՝ պսակադրության տարազով, 1768 թ.
«Հայ աղջիկ՝ հագնված պսակադրության արարողության համար» փորագրանկարը ստեղծել է Ռ. Ռանկերը՝ Ֆրանց Սմիթի նկարի հիման վրա, և այն տպագրվել է 1768 թ. հուլիսին։ Մակագրության համաձայն՝ փորագրված է լորդ Բալթիմորի հավաքածուից։ Պատկերված է 18-րդ դարի ավանդական հարսանեկան տարազով հայ հարսնացու։ Հարսանեկան տարազը նախկինում կնոջ ամենաթանկ հագուստն էր, որը հագնում էին հատուկ առիթներով և փոխանցում սերնդեսերունդ։
Աղջիկը ծալապատիկ նստած է բազմոցին։ Գլխին փոքր զարդարուն գլխանոց է՝ ուսերին իջնող սպիտակ քողով, պարանոցին՝ մարգարտաշարեր, հագին՝ մորթեզարդ եզրերով լայնաթև վերնազգեստ։ Ձախում պատուհան է, հետևում՝ նախշավոր վարագույր։








