Ֆաբրիկատորյան եղբայրները՝ Մեզրեի արդյունաբերողներ
Լուսանկարում հինգ եղբայրներն են՝ Մամաս, Ահարոն, Տիգրան, Կարապետ և Սամուել Ֆաբրիկատորյանները։ Երկուսը նստած են, երեքը՝ կանգնած։ Բոլորը ֆեսով են և եվրոպական կոստյումներով։ Լուսանկարն արված է 1900–1915 թվականներին։
Ֆաբրիկատորյանները Արևմտյան Հայաստանի Մեզրե (Էլազըղ) քաղաքի ամենանշանավոր արդյունաբերողներն էին և տարածաշրջանի ամենամեծ մետաքսի ֆաբրիկայի սեփականատերերը։ Նրանց արտադրանքը հայտնի էր աշխարհում և ոսկե մեդալների էր արժանացել Փարիզի ու Լոնդոնի միջազգային ցուցահանդեսներում։
1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, եղբայրները դաժանաբար սպանվեցին, իսկ նրանց հարստությունն ու ֆաբրիկան բռնագրավվեցին։








