Հայաստանի և Իրանի համատեղ թողարկման նամականիշներ
Հայերն ու իրանցիները հարևան ժողովուրդներ են, և նրանց հարաբերությունները սկիզբ են առնում հին աշխարհից։ Հայաստանը եղել է Աքեմենյան, Պարթևական, Սասանյան և Սեֆյան տերությունների կազմում, իսկ մ.թ.ա. 331 թ. Գավգամելայի ճակատամարտում հայերը կռվել են Դարեհի բանակում։ 301 թ. Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ 451 թ. Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի գլխավորած 66 հազար հայերը 220 հազարանոց պարսկական բանակի դեմ պաշտպանեցին քրիստոնյա մնալու իրավունքը։ 19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանն Իրանից անցավ Ռուսական կայսրությանը, իսկ 1991 թ. Հայաստանի անկախությունից հետո երկու պետությունների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։
Նկարում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ թողարկման նամականիշային թերթիկն է՝ երկու երկրների դրոշներով։ Մի նամականիշին Երևանի Կապույտ մզկիթն է (1765 թ.), մյուսին՝ Նոր Ջուղայի (Սպահան) Սուրբ Ամենափրկիչ տաճարը (1664 թ.)։








