«Համատարած աշխարհացույց»՝ հայերեն առաջին տպագիր քարտեզը
Հայերեն լեզվով աշխարհի առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը», հրատարակվել է 1695 թ. Ամստերդամում՝ Թովմաս Վանանդեցու գլխավորած տպարանում։ 17-րդ դարի երկրորդ կեսին հայ գրատպությունը Եվրոպայում արագ զարգանում էր։
Քարտեզի վերևում մեծ տառերով գրված է անվանումը։ Կենտրոնում աշխարհը պատկերված է երկու կիսագնդով, դրանց վերևում երկու երկնային քարտեզ է, ներքևում՝ երկու փոքր բևեռային քարտեզ, իսկ եզրերը զարդարված են ամպերի, մարդկային կերպարների և բնության տեսարաններով։








