Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին Մանչեսթերում
Մանչեսթերի Սուրբ Երրորդություն եկեղեցին Միացյալ Թագավորության առաջին հայկական եկեղեցին է։ Այն օծվել է 1870 թվականին։
19-րդ դարի սկզբին մի քանի հայեր հաստատվեցին Մանչեսթերում, որտեղ մետաքսի առևտուր էին անում։ Հաշվարկված է, որ 1862 թվականին քաղաքում գործում էր 30 հայկական ընկերություն։ Համայնքի շատ անդամներ այդ ժամանակ ապրում էին Ափըր Բրուք փողոցի շրջակայքում, և հենց այնտեղ 1870 թվականին օծվեց եկեղեցին։ Այն Մեծ Բրիտանիայի ամենահին հայկական եկեղեցին է և միակը Լոնդոնից հյուսիս։ Շենքը նախագծել է «Ռոյլ և Բենեթ» ճարտարապետական գրասենյակը։
Եկեղեցին կառուցված է դեղնավուն սրբատաշ քարից և ունի սրածայր տանիք։ Արևմտյան ճակատի կլոր պատուհանը հայկական խաչի ձևով քարե նախշ ունի։ Ձախ կողմում եկեղեցուն կից քարե շենք է, իսկ ցանկապատի մոտ՝ եկեղեցու անունով ցուցանակ։








